Ֆորումի առանցքում են բազմաթիվ միջոցառումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում հեղափոխական առաջնորդներն ու աշխարհում փոփոխություն կերտողները կկիսվեն իրենց փորձով, մտքերով և տեսլականով, ինչը կբերի հստակ քայլերի և փոփոխությունների:
«Ավրորա» ֆորումը կկայանա Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումի հեռահար օրակարգը կյանքի կկոչվի գործընկեր կազմակերպությունների հետ՝ գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու և տեղական զարգացում խթանելու համատեղ հանձնառությամբ: Ֆորումի հիմնական գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Scholae Mundi համաշխարհային կրթական հարթակը, UWC Դիլիջան միջազգային քոլեջը և Ամերիաբանկը։
2019թ. «Ավրորա» ֆորումը համընկնում է Հայաստանի պատմության յուրահատուկ շրջանի հետ. անցյալ տարի քաղաքական իշխանության խաղաղ փոխանցման արդյունքում Հայաստանը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ վկայելով, թե ինչպես կարող է կրթված աշխատուժ ունեցող և պայքարի խաղաղ միջոցներին հանձնառու ժողովուրդը հասնել համազգային փոփոխությունների:
«Ավրորա» ֆորումը համահիմնադրել են Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը` գլոբալ քաղաքացիների համար այն փոփոխությունների նոր՝ նշանակալի հարթակ դարձնելու ցանկությամբ: Ֆորումն աշխարհին է ներկայանում իր՝ ավելի քան 150 բարի կամքի դեսպաններով՝ գլոբալ առաջնորդներ, որոնք ներկայացնում են քաղաքականության, գիտության, կրթության, գործարարության, ժամանցի, արվեստի և այլ ոլորտներ՝ հանձնառու այսօրվա ու վաղվա սերնդի առջև կանգնած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը: