Հնագույն մշակույթ և ժամանակակից հյուրընկալություն
Երևանը հնի ու նորի միախառնումն է. բացահայտեք տարբեր ճարտարապետական ոճերն ու դարաշրջանները այցելելով մոնումենտալ Հանրապետության հրապարակ, հայ-իրանական բարեկամության խորհրդանիշ դարձած «Կապույտ մզկիթ», իր տեսակով յուրօրինակ Կասկադ համալիր, հանրահռչակ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի գողտրիկ անկյուն դարձած՝ Սիրահարների այգի:
Եթե դուք հետաքրքրվում եք պատմությամբ, խորհուրդ ենք տալիս այցելել սովետական մոդեռնիզմի տիպօրինակ հանդիսացող Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, նախկին «Ռոսիա» կինոթատրոն, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ, «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարան և այլ հիշարժան վայրեր:
Քաղաքը շնչում է բացօթյա սրճարանների և զվարճավայրերի անդադար աղմուկով: Արվեստասերներին Երևանը առաջարկում է բացահայտել Ազգային պատկերասրահը, Սերգեյ Փառաջանովի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանները: Մեկ այլ հանգրվան է Երևանի կոնյակի գործարանը, որտեղ՝ «Արարատ» թանգարանում, դուք կարող եք ծանոթանալ կոնյակագործության դարավոր ավանդույթներին և համտեսել հռչակավոր «Արարատ» կոնյակը:
Հայաստանում բնությունը վայելելու հնարավորություններն ամենուր են. յուրաքանչյուրը կարող է գտնել այն, ինչ փնտրում է՝ գեղատեսիլ լճի շուրջ մեղմ զբոսանքից մինչև արկածախնդիր էքսկուրսիաներ, արշավներ, լեռնագնացություն, հեծանվավազք, թռիչք օդապարիկով: Մի շրջանցեք Սևանը՝ Կովկասի ամենամեծ լիճը, որտեղից կարող եք տեսնել 874 թվականից վեր խոյացող Սևանավանքը: Արկածասերները կարող են այցելել «Յելլ» էքստրեմալ զվարճանքների այգի, որը հայտնի է իր ճոպանագծերով: Օրվա ավարտին լիցքաթափվեք՝ համտեսելով արևի բույրով հարուստ հայկական գինիներ՝ «Զորահ», «Կուր», «Ոսկենի» կամ «Արմաս»:
301 թվականից ի վեր, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը, կրոնական այդ ժառանգության դարավոր շունչն ապրում է երկրով մեկ սփռված վանական համալիրներում և եկեղեցիներում: Դրանք աշխարհում եզակի հուշարձաններ են՝ Էջմիածնի Մայր տաճարից (քրիստոնեական առաջին մայր տաճարն աշխարհում) մինչև Գեղարդ (կիսով չափ ժայռափոր վանական համալիր), անտառներով շրջապատված Հաղարծին ու Տաթև՝ միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Տաթևի վանական համալիր կարելի է հասնել «ՏաԹևերով»՝ աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղով, որն անցնում է Որոտանի կիրճով:
Հայաստանի հարուստ մշակութային պատմությունն արտացոլված է հուշարձաններում և պատմական վայրերում: Արենիի 6000-ամյա գինու հնձանից մինչև Ուղտասարի ժայռապատկերներ ու Քարահունջ (կա վարկած, որ այն հնագույն աստղադիտարան է), Էրեբունու ավերակներ և Արևի աստված Միհրին նվիրված հեթանոսական տաճար, որը թվագրվում է մեր թվարկության առաջին դար. եկել է Հայաստանը բացահայտելու ժամանակը:
Հայկական խոհանոցը տարածաշրջանում հնագույններից է, որտեղ հատվում են Արևելքն ու Արևմուտքը, ինչպես Հայաստանն է իր դիրքով: Այս մասին է վկայում նաև National Geographic-ը, որը Երևանը ներառել է իր «Վեց անսպասելի քաղաքներ՝ ուտելիքի սիրահարների համար» ցանկում: Համտեսեք խորովածը, տոլման, ղափաման, ձուկն ու Սևանի խեցգետինը, հայկական պանիրն ու չորամրգերը, վայելեք դրանք հայկական կոնյակով, գինով ու գարեջրով: Ահա մի քանի վայրեր, որոնք առանձնացրել ենք ձեզ համար. այցելեք «Դոլմամա», «Ոստան», «Շերեփ», «Լավաշ», «Ծիրանի», «Մայրիկ»:
Հայաստանը բացահայտելու համար լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մեր գործընկերոջ մոտ:
Go2Armenia